Y Logo
Ստո­մա­տո­լո­գիա­յում մրցակցությունը որակ չի ստեղծում

Ստո­մա­տո­լո­գիա­յում մրցակցությունը որակ չի ստեղծում

Ժամանակակից ստոմատոլոգիայի հնարավորությունները կարծես թե սահման չեն ճանաչում: Ցանկացած ստոմատոլոգիական կլինիկայում առաջին հերթին դա են փորձելու համոզել, գուցե գործով ապացուցել: Իսկ իրականում ի՞նչ է կատարվում այս բնագավառում Հայաստանում: Մեր զրուցակիցն է ՀՀ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը:

-Ստոմատոլոգիական ծառայությունը ամենատարածված մասնագիտություններից է: Ինչպե՞ս է դա անդրադառնում որակի վրա:

-Երբ ասում են, որ մրցակցությունը բերում է որակ, ես մեր ոլորտում ասում եմ հակառակը և կարող եմ հիմնավորել. այսօր մեծաքանակ այլ ԲՈՒՀ-երի շրջանավարտներ Բժշկական համալսարանում ստանում հետդիպլոմային կրթություն մեկ կամ մեկուկես տարում, որտեղ նրանք չեն կարող ստանալ այն լիարժեք կրթությունը, որը պիտի ստանային դեռևս հինգ, վեց տարի նախադիպլոմային շրջանում: Եվ արդյունքում նրանք, ունենալով ոչ լիարժեք գիտելիքներ և հմտություններ, բացում են կլինիկաներ կամ աշխատում են այս կամ այն կլինիկայում, աշխատում են բավականին ցածր գներով, որն անգամ չի համապատասխանում նյութածախսին: Այսօրվա դրությամբ, չհաշված բացառությունները, ավելի շատ պացիենտներ ունեն այն մարդիկ, ովքեր աշխատում են ուղղակի ցածր գներով: Իսկ ես երբևիցե չեմ կարող ասել, որ նման պարագայում որակ կարելի է ապահովել: 

Իմ կարծիքով այսօր մեծաքանակ կադրեր «արտադրելուե փոխարեն կարելի էր աշխատել ուղղակի եղածների որակավորման և կատարելագործման ուղղությամբ: 

-Բայց կոնկրետ վերահսկողություն չկա՞, որ գոնե միջին որակ ապահովելու համար այս կամ այն գնից ցածր իրավունք չունենան աշխատել կամ այս կամ այն նյութը չի կարելի օգտագործել: Նկատի ունեմ՝ որոշակի ստանդարտ կիրառվի, որ և՛ նյութը, այսինքն որակը, և՛ գինը համապատասխանեն որոշակի միջանկյալ սահմանագծի:

-Նախկինում ես այդպիսի մի նախագիծ ունեի՝ տնտեսագետների համապատասխան հաշվարկներից հետո սահմանել հստակ գնացուցակ, որից ցածր գներով աշխատելն անթույլատրելի կլիներ: Բայց կարծում եմ, որ սոցիալտնտեսական այսօրվա պայմաններում խնդիրներ կարող են առաջանալ: Չնայած այսօր կան երկրներ, որտեղ գործում է այդ մոտեցումը, և  զբաղվում է տվյալ երկրի ստոմատոլոգների ասոցիացիան: 

- Իսկ պացիենտը իրավաբանորեն պաշտպանվա՞ծ է, երբ նրա նկատմամբ անհաջող փորձ է կիրառվել բժշկի կողմից:

-Լինում են բազմաթիվ բողոքներ, կատարվում է փորձաքննություն առողջապահության նախարարության գլխավոր մասնագետի կողմից, և տրվում է համապատասխան եզրակացություն: Արդյունքում, համաձայն նախարարի հանձնարարականի, ստուգվել է կլինիկայի գործունեությունը, լիցենզիայի առկայությունը և այլն: Ֆինանսական խնդիրները լուծվում են դատարաններում: Առողջապահության նախարարության գործակալության ստեղծման արդյունքում նախարարությունը ունի լծակներ պարբերաբար ստուգումներ անցկացնելու կլինիկաներում, և ես կարևորում եմ նման գործակալության գործունեությունը: Ստուգման արդյունքում հնարավոր է ներկայացվի լիցենզավորման կասեցման, ընդհուպ՝ ֆինանսական տույժի:

-Այնուամենայնիվ, ստոմատոլոգիան արագ զարգացող ճյուղերից է, ի՞նչ ռեսուրսներ ունենք մենք: 

-Խոսեցինք թերություններից, սակայն մենք ունենք ստոմատոլոգների հզոր բանակ, որոնց կարելի է վստահել: Նրանք մարդիկ են, որոնք միշտ մասնակցում են միջազգային կոնֆերանսներին, սեմինարներին, միշտ գնում են արտասահման՝ վերապատրաստումների: Բայց, ցավոք սրտի, դրանք հիմնականում նույն մարդիկ են, քիչ տոկոս են կազմում նորերը, ավելացողները: Հայաստանում ստոմատոլոգիան հիմնականում քայլում է միջազգային պահանջներին համահունչ: Կարելի է ասել՝ ստոմատոլոգիայի ոլորտում ամսվա ընթացքում մենք մեծ քանակով նորություններ ենք ունենում աշխարհում, և դա առավելագույն չափով, եթե, իհարկե, կապված չէ հսկայական գումարների հետ, անպայման պիտի ներկայացվի հայաստանյան հասարակությանը:

-Ի՞նչ ատամնաբուժական ծառայություններ են մտնում պետպատվերով սպասարկման մեջ:

-Ատամները բուժելը, հեռացնելը, լորձաթաղանթի, լնդերի հիվանդությունների բուժումը, քարերի հեռացումը, պրոթեզավորումը, միայն ասեմ, որ թանկ ծառայությունները չեն մտնում՝ մետաղ-կերամիկա, բյուգե, իմպլանտ: Մնացած բոլորը, ընդհուպ մետաղապլաստմասե կոնստրուկցիաները վերջին տարիներին ընդգրկվել են պետպատվերի ցանկի մեջ: Այսօրվա դրությամբ Հայաստանը այն հատուկենտ երկրներից է, որը նման մեծ ծավալով պետպատվեր է իրականացնում սոցիալապես անապահով մեր խավի համար: Վերջին 15 տարվա ընթացքում ամեն ինչ 20 անգամ թանկացել է, բայց պետպատվերի գները մնացել են նույնը: Դա անիրատեսական է, որը բնականաբար ազդում է որակի վրա: Արդյունքում հիմնական դժգոհությունները լինում են պետպատվերով սպասարկվող կոնտիգենտի կողմից:

-Որպես ստոմատոլոգիայի ոլորտում առաջին մարդ ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ կարիք ունենք  այս ոլորտում:

-Ոչ միայն մեր ոլորտում, այլ ընդհանրապես բժշկության մեջ: Բժշկությունն այսօր մեզ համար դիրքային կարևորություն ունեցող ոլորտ է, առողջապահությունն է, որ կարող է ապահովել դրսից ֆինանսական  և կադրային հոսքեր: Առողջությունը մարդու համար ամենաթանկն է, և մենք բոլոր պայմանները պետք է ստեղծենք, որպեսզի առողջապահության բոլոր ոլորտները  զարգանան համատեղ:

-Իսկ ի՞նչ ծառայություններ են մատուցում Ձեր՝ «Կլանսեե ստոմատոլոգիական կլինիկայում, և Դուք գո՞հ եք կլինիկայի մատուցած ծառայություններից:

-Հարցը հետաքրքիր է և կրում է սադրիչ բնույթ: Մեզ մոտ մատուցվում են ստոմատոլոգիայի ոլորտի բոլոր ծառայությունները, իսկ ինչ վերաբերում է որակին, կարող եք ուղղակի հարցնել ոչ թե ինձ, այլ մեր հաճախորդներին:

 

 

Երևակ - Առողջապահական համակարգ
Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4